ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՆԱԲՈՒԿՈ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

«ՆԱԲՈՒԿՈ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
02.03.2010 | 00:00

«Նաբուկո» էներգետիկ նախագիծը շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ այս ծրագրով է շատ կողմերով պայմանավորված եվրոպական էներգետիկ անվտանգության հեռանկարը, ինչպես նաև մերձավորարևելյան էներգետիկ ռեսուրսներ մատակարարող երկրների տեղն ու դերը։
«Նաբուկո»-ն ենթադրում է տարեկան 31 մլրդ խմ բնական գազի արտահանում դեպի Եվրոպա, ինչը, կարծես, ավելի քիչ է, քան Բալթիկ ծովում կառուցվող «Հյուսիսային հոսք» և Սև ծովով նախատեսված «Հարավային հոսք» նախագծերով, որոնք նախաձեռնել է Ռուսաստանն իր եվրոպական գործընկերների, ամենից առաջ Գերմանիայի աջակցությամբ։ Այդ երկու շրջանցիկ գազամուղների կառուցումը նկատելի փոփոխություններ կմտցնի եվրոպական էներգետիկայի ողջ կոնֆիգուրացիայում, միջնաժամկետ հեռանկարում ապահովելով ողջ Եվրամիության գազի պահանջարկի 20-22 տոկոսը և զրոյացնելով այն էներգետիկ ուղղությունների նշանակությունը, որոնք վերահսկում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները եվրոպական էներգետիկ «բալանսում»` նկատի ունենալով արևելաեվրոպական երկրները։
«Հյուսիսային հոսքը» և «Հարավային հոսքը» լիովին ապահովված են ռեսուրսներով, այդ խողովակաշարերով տարանցելու գազ Ռուսաստանն ունի, և այդ նախագծերի իրագործումը հանգեցնելու է Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան դաշինքի ամրապնդմանը, որը երկու տասնամյակ տևած շփումներից, հաշվարկներից ու կասկածներից հետո վերածվում է եռյակ գործընկերության։ Չնայած Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսական ճգնաժամին, այս եռյակ դաշինքն առաջ է քաշում բավական գլոբալ նախագծեր, այդ թվում` հիմնարար պրոբլեմների լուծումներ մեքենաշինության, սպառազինությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ներդրումային մտադրությունների առումով։ Ընդ որում, եռյակի շրջանակներում գնալով ավելի են մերձենում դիրքորոշումները տարածաշրջանային քաղաքականության շուրջ, ինչը հատկապես գրգռում է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։ Տարածաշրջանային քաղաքականությունը դառնում է այն խմորը, որը հունցելով կարելի է լուծել բազմաթիվ հարցեր Արևելյան Եվրոպայի, Իրանի և Մերձավոր Արևելքի հետ կապված, բայց ավելի կարևոր խնդիր է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։ Վերոնշյալ եռյակ դաշինքի ձևավորումը մի քանի փուլ վերապրեց, երբ Ֆրանսիան ու Գերմանիան փորձում էին Ռուսաստանի հետ առևտուր անելով` մեծ օգուտներ ու զիջումներ քաղել, ձևավորել որոշակի սխեմա և գործողությունների որոշակի շրջանակներ, որոնք լիովին կհամապատասխանեին Եվրամիության շահերին։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունն ապահովված չէ անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներով և Ռուսաստանն ինքն է փորձում խաղալ այդ նույն խաղը և դրա միջոցով պարզել իր առաջատար գործընկերների իրական հնարավորությունները։ Ներկայումս Ռուսաստանը, անկասկած, գնում է զիջումների, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, սակայն ֆրանս-գերմանական տանդեմն էլ հասկանում է, որ իրենց պայմաններն ու պահանջները կարող են լինել տրամաբանական սահմանների մեջ։ Ըստ այդմ, նրանք փորձում են գոյություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններ ձևավորել։
Այս պայմաններում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չի ձեռնարկելու կոշտ կամ կոպիտ միջոցներ` եռյակ դաշինքի ստեղծումը կանխարգելելու ուղղությամբ։ Թերևս, հուսալով, որ դա հնարավորություն կտա «շաղկապելու» Ռուսաստանին Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում իր ծրագրերին` եվրոպացիների օգնությամբ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունների հաստատմամբ` ՆԱՏՕ-ի աֆղանական գործողության շրջանակներում։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա Լոնդոնը հայտնվել է նույնիսկ որոշակի մեկուսացման մեջ ներկայիս եվրոպական քաղաքական բեմահարթակում և գործնականում չունի լուրջ հնարավորություններ ազդելու Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության վրա։ Չնայած այն բանին, որ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, իբր, միասնական ճակատով են հանդես գալիս Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ, և մայրցամաքային եվրոպական պետությունները, ի դեմս Ֆրանսիայի, ավելի, քան երբևէ, մոտ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի նկատմամբ պատժամիջոցներին հավանություն տալուն, Ռուսաստանի դիրքորոշումն այս առումով տարաձայնություններ չի ստեղծում եռյակ դաշինքի շրջանակներում։ Իրանական թեման չի կարող խանգարել այդ հարաբերությունների ձևավորմանը, որոնք, եռյակի շրջանակներից բացի, զարգանում են նաև երկկողմ հարթության վրա` Ռուսաստան-Ֆրանսիա, Գերմանիա-Ռուսաստան ձևաչափով։ Այդ հարթության մեջ հարաբերություններն ինքնուրույն են և միաժամանակ հիմնարար նշանակություն ունեն եռյակ դաշինքի ձևավորման հարցում ընդհանուր առմամբ։
Հարկ է ընդգծել, որ Ռուսաստանն այնքան է ոգևորված Եվրամիության, ամենից առաջ առաջատար եվրոպական պետությունների հետ մերձեցման գաղափարով ու ծրագրերով, որ, հավանաբար, պատրաստ է դիմելու որոշ, ավելի քան սկզբունքային զիջումների տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Խոսքը վերաբերում է Հարավային Օսիային, որի առնչությամբ Ռուսաստանը կարող էր զիջումներ անել ոչ թե Վրաստանին, այլ Ֆրանսիային ու Գերմանիային, որոնց անհրաժեշտ է ի ցույց դնել իրենց իրական դիրքորոշումը միջազգային և հատկապես եվրոպական քաղաքականության մեջ։ Կան որոշ «ազդակներ», որ Աբխազիայի ներկայիս դրության «անձեռնմխելիության» պահպանումով, հնարավոր է Հարավային Օսիայի հետ կապված որոշ նոր առաջարկներ ի հայտ գան Վրաստանի հետ նոր պայմանավորվածությունների ձեռք բերելու առումով։ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի եվրոպացիների առջև և հարկադրված է դիմել զիջումների, որոնք վերաբերելու են ոչ թե Հարավային Օսիայի քաղաքական կամ իրավական դրությանը, այլ այդ տարածքում ռուսական զորքերի առկայությանը։
Այսպիսի քաղաքական իրողությունների պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարող որևէ տրամաբանական բան հակադրել վերոնշյալ միտումներին, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես չունի այդպիսի ցանկություն, գոնե Բարաք Օբամայի նախագահ լինելու պայմաններում, դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացիայի հարցը դառնում է հիմնականը Եվրոպայի ապագայի տեսանկյունից։ Այսինքն, թե որքանով անգլոսաքսոնական բլոկն ընդունակ կլինի շարունակելու վերահսկել Եվրոպան, պահպանելու որոշակի ազդեցությունը ՆԱՏՕ-ի, Եվրամիության ֆինանսատնտեսական համակարգի և տարածաշրջանային քաղաքականության վրա։ Խնդիրը նույնիսկ ոչ այնքան գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան է, որքան իրականում այդ ոլորտում մենաշնորհի հաստատումը, եթե ամերիկյան ու բրիտանական ընկերությունները կարողանան վերահսկել գազամատակարարման կարևորագույն կամ որոշիչ «երակները»։ Ի տարբերություն նավթային բիզնեսի, Եվրոպայի գազատրանսպորտային համակարգը կախված չէ անգլոսաքսոնական պետությունների որոշումներից, ինչը շարունակում է զգալի հիմնախնդիր լինել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականության մեջ։ «Նաբուկո»-ն այդ քաղաքականության «վերջին շանսն» է, քանի որ այդ մայրցամաքային գազամուղի կառուցումն ավարտին կհասցնի գլոբալ գործընթացը` իր մեջ ներառելով գազի խոշորագույն աղբյուրները կամ ավազանները, որոնք կարող են հիշյալ խողովակաշարի կենսագործունեությունն ապահովել երկար տասնամյակներ։ Միաժամանակ, բացի եվրոպական ուղղությամբ իրենց քաղաքականությունից, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան լուծում են մի շարք խնդիրներ։
Բանն այն է, որ «Նաբուկո»-ն Թուրքմենստանի ահռելի պաշարները արևմտյան ուղղությամբ արտահանելու վերջին շանսն է, ինչը կարող է «լեգիտիմացվել» միայն տրանսկասպյան գազամուղի կառուցման պարագայում, որը կմիացնի Թուրքմենստանը Հարավային Կովկասում արդեն գոյություն ունեցող գազամուղների հետ` Թուրքիայի տարածքով դրանց շարունակությունը կառուցելու հեռանկարով։ Տվյալ դեպքում խոսքը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի մասին է, որն ինքնին ի վիճակի չէ ապահովելու «Նաբուկո»-ի ծավալներով նախատեսված գազի տարանցումը։ Այսպես թե այնպես, այդ ուղղությամբ հարկ կլինի կառուցել նոր գազամուղ կամ էլ, ծայրահեղ դեպքում, մեծացնել գոյություն ունեցող խողովակաշարի տարողունակությունը։ ԱՄՆ-ի համար առայժմ անթույլատրելի է համարվում թուրքմենական գազի տարանցումն Իրանի տարածքով, թեպետ առանց Իրանի ռեսուրսների ներգրավման պարզ չէ, թե ինչպես են դրանք արտահանվելու եվրոպական շուկա։ Հավանաբար այստեղ գոյություն ունի Իրանի ռեսուրսների արտահանումը հնարավորինս հետաձգելու խնդիր։
Դա միանգամայն համապատասխանում է Ռուսաստանի շահերին, որը խնդիր ունի իրանական գազը Եվրոպա տարանցելու իր գազատրանսպորտային համակարգի միջոցով կամ էլ արգելակելու այդ գործընթացը 10-15 տարով ու դրանով իսկ հիմքեր ստեղծելու Եվրոպայում նոր էներգետիկ ու քաղաքական իրավիճակ ձևավորելու համար։ Ռուսաստանն առնվազն կցանկանար հետաձգել իրանական գազի տարանցումը Եվրոպա մինչև «Հյուսիսային հոսք» և «Հարավային հոսք» գազամուղների կառուցումը, քանի որ հատկապես դրանից հետո կստեղծվի իրանական գազը ռուսական ցանցով Եվրոպա արտահանելու հնարավորություն։ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հրաշալի հասկանում են, որ Իրանն առանձնապես հիացած չէ իր ռեսուրսները Թուրքիայի տարածքով արտահանելու տարբերակից։ Իրանի համար իդեալական տարբերակ կլիներ առնվազն դիվերսիֆիկացնել իր գազի մատակարարումը Ռուսաստանի, Հարավային Կովկասի տարածքներով և Սև ծովով։ Թեպետ իրական դիվերսիֆիկացիա կլիներ այն դեպքում, եթե իրանական գազը մատակարարվեր դեպի Չինաստան և Հնդկաստան, որովհետև ռազմավարական հեռանկարում Թեհրանը պատրաստվում է իր վրա վերցնելու համաշխարհային գազամատակարարումների կեսը։
Առաջանում է պրոբլեմ Ադրբեջանի հետ, որը փորձում է մասնակից լինել լուրջ քաղաքական ու էներգակոմունիկացիոն խաղերին, ուր առայսօր ներկայացված է եղել ոչ թե սուբյեկտի, այլ օբյեկտի կարգավիճակով ու կատարել է, լավագույն դեպքում, նավթային տակառի կամ «գազի կաթսայի» դեր։ Անցած տարիների ընթացքում Ադրբեջանն իր արևմտյան գործընկերներին է հանձնել նավթ և գազ մատակարարելու իր բոլոր իրավունքները։ Միաժամանակ Բաքուն համոզվել է, որ արևմտյան գործընկերներն այդքանից հետո չեն ցանկանում և չեն էլ պատրաստվում պաշտպանել իր շահերը միջազգային բեմահարթակում, թեկուզ միայն Ղարաբաղի հարցում։ Ներկայումս Ադրբեջանը փորձում է հետ բերել կորցրածը, գտնել իր տեղն այդ խաղում, փորձելով ի ցույց դնել, թե պատրաստ է իր գազային պաշարներն արտահանել հյուսիսային ուղղությամբ, եթե այլ բան չառաջարկվի։ Որքանով դա կարող է ֆունկցիոնալ նշանակություն ձեռք բերել Ղարաբաղի հարցն Ադրբեջանի օգտին լուծելու առումով, խիստ կասկածելի է։ 2008-ի աշնան իրադարձությունները, Ռուսաստանի փորձերը` հանդես գալու ղարաբաղյան խնդրի լուծման առաջատարի դերում` ադրբեջանական գազի դիմաց, և Մայնդորֆում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան համաձայնագրի ստորագրումը համոզեցին Արևմուտքին, որ Ռուսաստանի փորձերը բազմասերիանոց իմիտացիոն սցենար է, և այսպիսի գործարք իրականացնելը պարզապես անհնարին է։ Այնուհանդերձ, անհրաժեշտ է գտնել միջոցներ և հնարքներ Ադրբեջանը Ռուսաստանից տարանջատելու համար, իսկ այդ ուղղությամբ հստակ երաշխավորություններ առայժմ չկան։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքն Ադրբեջանին կհասկացնի, որ կարող է յոլա գնալ առանց նրա գազի, ընդ որում, այդ համատեքստում Ադրբեջանը կկորցնի այն հարաբերական անվտանգության երաշխիքները, որ ստացել է Արևմուտքից։ Միաժամանակ Ադրբեջանի համար անսպասելի կարող է պարզվել, որ ԱՄՆ-ն իրականում շահագրգռված չէ «Նաբուկո»-ի կառուցմամբ, եթե այն վերածվի եվրոպամետ նախագծի։ Ամերիկացիները խնդիր չունեն նպաստելու հակաամերիկյան վեկտորի ուժեղացմանը Եվրոպայի գեոտնտեսական կյանքում։
Միևնույն ժամանակ գոյություն ունի ավելի լուրջ պրոբլեմ` պայմանավորված Թուրքիայով։ Ոչ միայն եվրոպացիները, այլև ամերիկացիները գնալով ավելի ու ավելի են Թուրքիան դիտարկում խիստ անհուսալի և անկայուն գործընկեր, որի մասնակցությունն այդպիսի կարևոր ծրագրերում անցանկալի է։ Միաժամանակ Թուրքիան առանձնապես հուսալի գործընկեր չի եղել նաև Ռուսաստանի ու Իրանի հետ գազի ոլորտում համագործակցելիս։ Թուրքիայի ներքաղաքական ու ֆինանսատնտեսական դրությունը, հատկապես նրա արևելյան հատվածում, խիստ անկայուն է, այստեղ սպառնալիքներն ու ռիսկերը մեծանում են, հնարավոր է նոր խնդիրների առաջացում` պայմանավորված ոչ թե քուրդ ապստամբների, այլ, առհասարակ, արմատական ընդդիմադիրների գործունեությամբ։ Իրականում Թուրքիան բախվել է նաև Ադրբեջանից գազի մատակարարման դադարեցման սպառնալիքին, ինչը պայմանավորված է այդ երկու պետությունների միջև իդեալական թվացող հարաբերությունների վատթարացմամբ։ Ամերիկացիներն ու բրիտանացիներն այժմ հայտնվել են որոշակիորեն նոր իրավիճակում, չնայած նրանց քաղաքական ծրագրավորողներն ու վերլուծաբանները վարժված են այսպիսի հիմնախնդիրների ի հայտ գալուն։ Թուրքիան, մի կողմից, հուսալի տարանցիկ երկիր չէ, սակայն իրականում միակ տարանցիկ պետությունն է այս նախագծի շրջանակներում։ Բրիտանական «Բրիտիշ Պետրոլիումի» այն վերլուծաբանները, ովքեր «Նաբուկո» նախագծի առավել շահագրգիռ կողմն են, առաջարկել են «Նաբուկո»-ի կառուցման իրենց տեսլականը, որպես տարբեր ուղղությունների համակարգ, ինչը, նրանց կարծիքով, պետք է նվազեցնի սպառողների և օպերատոր ընկերության կախվածությունը Թուրքիայի քմահաճություններից։ Ենթադրում է, որ գազամուղը, Թուրքիայի տարածքից մտնելով Բալկաններ, պետք է բաժանվի մի քանի ուղղությունների` Հունաստան և Իտալիա, Բուլղարիա, Հունգարիա և Կենտրոնական Եվրոպա, Ավստրիա և Գերմանիա։ Այսպիսի դիվերսիֆիկացիան, սակայն, միայն որոշ չափով թույլ կտա նվազեցնել Թուրքիայի մենաշնորհային հնարավորությունները, նվազեցնել նրա պահվածքի հետ կապված հնարավոր ռիսկերն ու հավակնությունները։ Այս նախագծի ջատագով վերլուծաբաններն էլ են ընդունում, որ բոլոր դեպքերում այսպիսի կոմբինացիան ինքնին խիստ կասկածելի է, բայց ուրիշ տարբերակ չկա։ «Նաբուկո»-ն Մերձավոր Արևելքից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա միայն մի ճանապարհ ունի` Թուրքիայի տարածքով։ Սակայն ուշադրություն դարձնելով տարաբնույթ ռիսկերին և անորոշությանը, «Նաբուկո»-ն չի կարող դիտարկվել ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից լիովին ապահովված ծրագիր։ Էներգետիկ քաղաքականության ոլորտում եվրոպական որոշիչ երկրները` Գերմանիան, Իտալիան, Ավստրիան և այլ պետություններ, առայժմ չեն որոշակիացրել իրենց դիրքորոշումը և մտադրությունները։ Անշուշտ, մայրցամաքային Եվրոպայի առաջատար սպառող պետությունները կցանկանային, ռուսական աղբյուրներից բացի, ունենալ գազ ստանալու այլընտրանքային ուղիներ, բայց մեծ հարցականի տակ է հուսալի և իրագործելի ուղղությունների առկայությունը, նկատի ունենալով Թուրքիայի և Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև Թուրքմենստանի մտադրությունները։
Իրանի հետաքրքրվածությունը «Նաբուկո»-ով պայմանավորված է նրանով, որ Իրանը գազի հիմնական և որոշիչ մատակարարն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը և նույնիսկ Իրաքը չեն կարող հանդես գալ իբրև այլընտրանք։ Իրանը հայտարարում է, որ ներկայիս տարածաշրջանային քաղաքական իրադրության մեջ առանց իր մասնակցության «Նաբուկո»-ն իրագործել հնարավոր չէ։ Իրականում այդ նախագիծն այդքան էլ գլոբալ չէ և նույնիսկ բավական սահմանափակ է, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի մասնակցությամբ այլընտրանքային ուղղություններով նախատեսված մատակարարումների ծավալները։ «Նաբուկո»-ի իրագործման ճանապարհին հիմնական պրոբլեմը Թուրքիայի դիրքորոշումն ու քաղաքական հավակնություններն է, նրա հարաբերությունները տարածաշրջանի մի շարք պետությունների հետ։ Այս նախագիծը, նրա իրագործման պայմաններն ու գոյություն ունեցող սահմանափակումները ցույց տվեցին, թե Թուրքիայի համար որքան խնդրահարույց է համադրել իր արտաքին քաղաքականության երկու հիմնական` ավանդական արևմտամետ և «նոր» արևելյան ուղղությունները։
Միևնույն ժամանակ, քաղաքական իրադարձություններն ՈՒկրաինայում, «Տարածաշրջանների կուսակցության» և նրա առաջնորդի իշխանության գալը, շատ կողմերով կարող են սրբագրել Ռուսաստանի ծրագրերը կապված «Հարավային հոսք» նախագծի հետ, քանի որ գազի տարանցումն ՈՒկրաինայի տարածքով կարող է դառնալ ավելի կանխատեսելի ու հուսալի։ Դա որոշ չափով կարող է ազդել նաև «Նաբուկո»-ի հետագա ճակատագրի վրա` խաղարկային իրավիճակը դարձնելով ավելի բարդ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ